10.06.2024
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերականգնվում է անցած դարի 80-ականներին կառուցված Սևան համայնքի վթարված կոյուղու կոլեկտորը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով մեկնարկել են Սևան համայնքի վթարված կոյուղու կոլեկտորի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի միջոցներով՝ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ ՀՏԶՀ տնօրեն Սարգիս Բաղինյանի հրամանով Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վթարված կոյուղու կոլեկտորի բնականոն վիճակի վերականգնման նախնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված հիմնադրամի հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել է տարիներ շարունակ չգործող ու վթարված կոյուղու հատվածները, կազմվել է կատարվող աշխատանքների ցանկ։
ՀՏԶՀ տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից են դարձել նաև ներկայացուցիչներ Սևան համայնքի քաղաքապետարանից ու <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ից։
Դեռևս անցած դարի 80-ականներին կառուցված ու պատշաճ ձևով չշահագործված կոյուղու կոլեկտորի մաքրման ենթակա հատվածի երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր։ Ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքների` կոլեկտորի երկայնքով տեղադրված 17 դիտահորից 11-ի վրա սալածածկ ընդհանրապես չի եղել, մնացած 6 սալածածկերով դիտահորերն էլ կապարիչներ չեն ունեցել։ Կոյուղու կոլեկտորի տարբեր հատվածներում հայտնաբերվել են լուրջ խցանումներ՝ ապառաժ քարերի տեսքով, որոնք շինարարների հետևողական աշխատանքի արդյունքում դուրս են բերվել կոլեկտորից։ Որոշ դիտահորեր էլ հայտնաբերվել են հողի հաստ շերտի տակից։
Այժմ կոլեկտորի ամբողջ երկայնքով հատուկ տեխնիկայի միջոցով ընթանում են լվացման աշխատանքներ։