04.10.2023
Վեդու ջրամբարում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
Վեդու ջրամբարում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Վեդու ջրամբար է այցելել Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը՝ Հարավային Կովկասի գրասենյակի նորանշանակ տնօրեն Դելպի Ֆաննիի գլխավորությամբ։ Նա ծանոթացել է ջրամբարի պատվարի կառուցման շինարարության ընթացքին, հետաքրքրվել ընթացիկ խնդիրներով ու կառույցի շինարարության վերջնաժամկետով։ Ջրամբարը կառուցվում է Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։ Դելպի Ֆաննին արժևորել է ծրագրի նպատակը, քանի որ 29 միլիոն խորանարդ մետր տարողությամբ նորակառույց ջրամբարն ապահովելու է սակավաջուր Արարատյան դաշտի ավելի քան 3200 հեկտար բերրի հողերի հուսալի ոռոգումը։
Վեդու ջրամբարի շահառու է հանդիսանում Վեդի և Արարատ խոշորացված համայնքների ավելի քան 5000 գյուղացիական տնտեսություն։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային փակ ցանցի կառուցում, ինչի արդյունքում ֆերմերները կկարողանան ոռոգում իրականացնել կաթիլային և անձրևացման նորագույն տեխնոլոգիաներով։