Տասը միլիոն եվրո` Արարատի և Արմավիրի ոռոգման համակարգերի զարգացմանը
26.06.2024

Տասը միլիոն եվրո` Արարատի և Արմավիրի ոռոգման համակարգերի զարգացմանը

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված դրամաշնորհի համաձայնագրով ոռոգման համակարգերում կներդրվի 10 մլն եվրո գումար։

Ծրագրի իրականացման փուլերը ներկայացվել են Վեդիի նորակառույց ջրամբարի տարածքում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Զարգացման Ֆրանսիական գործակալության պատվիրակությունը՝ Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Մաթյը Վասըրի գլխավորությամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը՝ տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, Ջրային կոմիտեի ղեկավար Վահագն Գևորգյանը։

Ծրագրի նպատակն է կենտրոնական մակարդակով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացման և տեղական մակարդակում էական աջակցություն ցուցաբերել Արարատի և Արմավիրի ֆերմերներին:

Ծրագիրը բաղկացած է հինգ հիմնական բաղադրիչից՝ աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտներին, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, աջակցել ֆերմերների խմբերի կայուն զարգացմանն Արմավիրի և Արարատի մարզերում։

Ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կիրականացվի ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրի մշակումը, կչափագրվեն, կգույքագրվեն և կքարտեզագրվեն պետական սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը, կգնահատվի ոռոգման համակարգերում վերականգնվող գույքն ու ներդրումների առաջնահերթությունները։ Արարատի և Արմավիրի ՋՕ-երի համար կստեղծվի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մոդել։ Կստեղծվի Սկադա համակարգի կենտրոնացված կառավարում։