
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքը նոր մարզադաշտ ունի։
Արմավիրի մարզի <<Մյասնիկյան գյուղի դպրոցի մարզահրապարակի կառուցում>> ծրագրով շահագործման է հանձնվել բացօթյա ունիվերսալ մարզադաշտ՝ մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի համար, որի չափերը, գծանշումը համապատասխանեցվել են ժամանակակից և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին։ Մարզադաշտն անվանակոչվել է ի պատիվ Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի անունով։
Մարզադաշտը կառուցվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամաբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Մարզադաշտի բացման արարողությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։
Ունիվերսալ մարզադաշտի չափերը կազմում են 44 մ × 30 մ, իսկ ընդհանուր մակերեսը` 1320 քմ է: Մարզադաշտի շուրջ կառուցվել է վազքուղի՝ 2 վազքուղյակներով։ Մարզադաշտի և վազքուղու ծածկերը լցնովի անկար ռետինե ծածկույթով են՝ առնվազն 10 մմ հաստությամբ։ Մարզադաշտի ռետինե ծածկույթը կանաչ, իսկ վազքուղու ծածկը՝ դեղին գույնով է։ Մարզադաշտի երկայնական կողմով տեղադրվել է տրիբունա՝ նախատեսված մոտ 60 հանդիսատեսի համար, իսկ լայնական կողմով՝ գլխավոր մուտքի մոտ տեղադրվել է 18 քմ մակերեսով ծածկարան՝ նախատեսված մարզիչների և մարզվողների համար։ Ծրագրի արժեք՝ կազմել է 45,685,851 դրամ։