01.12.2023
Վեդու ջրամբարի պատվարի շինարարությունն ավարտական փուլում է
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության համաֆինանասավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Վեդու ջրամբարի պատվարի շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի ուղեկցությամբ, Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների և ոռոգնման համակարգերի շինհրապարակ էին այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Դելպի Ֆաննին։ Ծանոթանալով շինաշխատանքներին` դեսպանը հույս է հայտնել, որ շուտով ինքը կտեսնի նաև ջրամբարի ավարտը։ Դեսպանը կարևորել է շինարարության տեմպերի, ինչպես նաև աշխատողների անվտանգության կանոնների պահպանումը։ ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Դելպի Ֆաննին էլ իր հերթին նշել է, որ բոլոր ջանքերը պետք է համատեղել, որպեսզի շուտ տեսանելի լինեն Հայաստանի գյուղատնտեսության համար կարևոր ծրագրի արդյունքները։ Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը նշեց, որ վստահ են` եթե ոչ ժամանակից շուտ, ապա ծրագիրը կավարտվի ճիշտ ժամանակին։ «Վեդու ջրամբարի շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» կազմակերպությունը ջանք չի խնայում, որպեսզի իր պարտավորություններն իրականացնի ժամանակին»,- հավաստիացրել է Սարգիս Բաղինյանը։ Առաջիկայում շինարարարական կազմակերպությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում կփորձարկի նաև ջրամբարի ջրթող փականներն ու բարեհաջող փորձարկումից հետո դրանք կտեղափոխվեն ու կտեղադրվեն խողովակների վրա։
Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը հյուրերին է ներկայացրել նաև հիմնադրամի կողմից իրականացվող ջրամաբարաշինական մեկ այլ՝ «Կապսի» ջրամբարի ծրագիրը։ Երկու խոշորածավալ ծրագրերից բացի, հյուրերին է նեկայացվել Ասիական բանկի աջակցությամբ հիմնադրամի միջոցով իրականացվող Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով արդեն իսկ հաստատված 106 դպրոցների կառուցման գործընթացը, ինչպես նաև հստակեցման փուլում է գտնվում այն մանկապարտեզների և դպրոցների ցանկը, որոնք դեռ պետք է կառուցվեն ՀՏԶՀ միջոցով։
Սարգիս Բաղինյանը նշել է, որ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մի քանի՝ զբոսաշրջության, համայնքապատկան շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայնների տեղադրման, համայնքներին բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տրամադրման ուղղություններով։
Բացի դա սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակում համայնքներում իրականացվում են առաջնային խնդիրների լուծման ծրագրեր՝ մանկապարտեզների, դպրոցների, խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև ոռոգման ջրագծերի կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ։ Դեռևս 1996-ից սկսած նշված ծրագրով Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Շվեդիայի զարգացման գործակալության աջակցությամբ միայն ՍՆՏԶ ծրագրով Հայաստանի 398 բնակավայրում իրականացվել է 1014 ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր, իսկ 2015-ից սկսած 70 խոշորացված համայնքում տեխնիկայի վերազինման ծրագիր։