22.09.2023
Վերաբացվել է վերակառուցված Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը
300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրն ամենևին էլ կրթական չէ, այն մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, որը կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՏԶՀ-ի միջոցով: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. հոկտեմբերից, ավարտվել է 2023 թ. հունվարին:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1,391,580.8 հազար դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 35,805.6 հազ. դրամ:
Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 465 աշակերտ:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանում բացվել է հիմնովին վերակառուցված 3 դպրոց, այդ դպրոցներն են՝ Երևանի թիվ 55 հիմնական դպրոցը, թիվ 116 հիմնական դպրոցը, թիվ 18 հիմնական դպրոցը, որի միայն դիմապատն է պահպանվել որպես մշակութային արժեք: