22.05.2025
ՀՏԶՀ ինժեներական խմբերը հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել են նորակառույց դպրոցների ու մանկապարտեզների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ինժեներական աշխատանքային խումբը հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հերթական այցն է կազմակերպել Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրով հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող, հիմնանորոգվող կրթօջախներ։
Մասնավորապես Շիրակի մարզի երկու տասնյակ կրթօջախում ակտիվ շինարարություն է ընթանում։
Հիմնադրամի աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել շինարարների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու տեղում տվել լուծումներ։
Հանդիպումներին մասնակցել են նաև կառուցվող ու հիմնանորոգվող կրթօջախների տնօրենները, որոնց դիտարկումները ևս արդյունավետ են հատկապես շինարարության այս փուլում։
Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարությունը հորդորել է շինարարներին ակտիվ կապ պահել հիմնադրամի ինժեներների հետ, որպեսզի ցանկացած խնդրի տրվի պատշաճ լուծում, ինչն էլ իր հերթին դրական կանդրադառնա շինարարության որակի վրա։
Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն իր հերթին հորդորել է շտապողականություն չցուցաբերել, սակայն աշխատանքների հերթականությունն այնպես կազմակերպել, որ շինարությունների ավարտման ժամկետները չխախտվեն։