05.06.2024
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերը քննարկվել են Սյունիքի մարզպետարանում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Հայաստանի տարածքային հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը Սյունիքի մարզի տարածքային զարգացման ծրագրերը քննարկել է մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում։ Ըստ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի' երկրում ընթացող դպրոցաշինության ծրագրերում նախընտրելի է առաջնորդվել նորը կառուցել, այնուհետև հինը քանդել սկզբունքով, որպեսզի դասապրոցեսները չտուժեն։
Սյունիքի մարզում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն այս պահին դիտարկում է 18 դպրոցի հիմնովին կառուցում, որից 10-ի մրցույթներն արդեն կայացել են։ Դպրոցները կառուցվելու են պետբյուջեի միջոցներով։ Մարզպետարանում տեղի ունեցած քննարկումների արդյունքում հիմնադրամի ինժեներական անձնակազմի, մարզպետարանի և համայնքների պատասխանատուների հետ ստեղծվել են առանձին աշխատանքային խմբեր, որոնք պատասխանատու են լինելու առաջացած խնդիրների լուծման համար։