Արմավիրի մարզի Նոր Կեսարիա և Ջրառատ համայնքները նոր դպրոցներ կունենան
24.05.2024

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա և Ջրառատ համայնքները նոր դպրոցներ կունենան

Նոր Կեսարիա և Ջրառատ համայնքների նախկին դպրոցների տարածքներում այս օրերին ընթանում են հիմնովին կառուցվող սեյսմակայուն դպրոցների շինհրապարակների նսխապատրաստական աշխատանքներ։ Դպրոցները կառուցվում են պետբյուջեի միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Նկուղային հարկով կառուցվող նոր երկհարկանի դպրոցներից յուրաքանչյուրը նախատեսված է 432 աշակերտի համար։ Նկուղում նախատեսված է թաքստոց, շենքում' 4 աստիճանավանդակ, 1 վերելակ, տանիքներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Դպրոցները հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով տեղաշարժվող երեխաների համար կունենան հարմարեցված սանհանգույցներ, թեքահարթակներ, ինչպես նաև ամբարձիչներ։ Տարածքները կբարեկարգվեն, ինչպես նաև կկառուցվեն մարզադաշտեր և մարզահրապարակներ։
Հիմնովին կառուցվում է նաև Փարքարի մարզադպրոցը և Ակնաշենի մանկապարտեզը։ Փարքարում նախկին 520 քմ նախկին մարզադպրոցի փոխարեն կկառուցվի ավելի քան 1300 քմ տարածքով նոր մարզադպրոց։ Մարզադպրոցը պետք է ապահովի գործող նորմերով սահմանված բոլոր պահանջվող պայմանները և հարմարությունները՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և ծանրամարտ մարզաձևերի դասավանդման համար։
Դեռևս նախորդ դարի կեսին կառուցված շինությունից Ակնաշենի մանկապարտեզը կտեղափոխվի հիմնովին կառուցվող նոր մանակապարտեզի տարածք։ Մանկապարտեզը նախատեսված է հիսուն սանի համար։ Տարածքում նախատեսված է կառուցել երեք խաղահրապարակ։ Տվյալ միկրոծրագրով իրականացվելու է նաև նոր կառուցվող մանկապարտեզի շենքի ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման և օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և արտաքին լուսավորության համակարգերի կառուցումը։ Ավելին՝ տեղադրվելու է 31 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։