Աշխատանքային այց Գեղարքունիքի մարզ
31.05.2024

Աշխատանքային այց Գեղարքունիքի մարզ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական օբյեկտներ։ Առաջին կանգառը Սևան քաղաքում էր, որտեղ հիմնադրամի աշխատակիցներն ուսումնասիրում և փորձում են լուծումներ գտնել Սևան քաղաքի դեռևս 1980-ականներին կառուցված ու պատշաճ ձևով չշահագործված կոյուղու կոլեկտորի վերականգնման համար։ Քաղաքի կոյուղու գլխավոր կոլեկտորը վթարային վիճակում է։ Տարիներ շարունակ պատշաճ չշահագործելու պատճառով դիտահորերի կափարիչները բացակայում են, դրանք հայտնվել են քայքայված վիճակում, իսկ ամբողջ կոյագիծը խցանված է քարերով ու ավազով։ Որոշ խնդիրների լուծումներ հիմնադրամի տնօրենը տեղում է տվել, որոշ խնդիրների լուծումներ կտրվեն մասնագկիտական եզրակացությունից հետո։

Այնուհետև հիմնադրամի աշխատանքային խումբն այցելել է Ճամբարակի հիմնովին կառուցվող թիվ 1 հիմնական դպրոցի շինհրապարակ, որտեղ հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը հորդորել է ավելացնել աշխատողների թիվը` շինարարական ժամանակացույցով սահմանված ժամկետները չխախտելու նպատակով։ Մոդուլային տիպով 8 մասնաշենքից բաղկացած դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Կունենա փակ մարզական և հանդիսությունների դահլիճներ, սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար մեկ վերելակ։ Կառուցվելու է բացօթյա մարզադաշտ, կաթսայատուն՝ երկու կաթսաներով և ջերմուղի։ Տարածքի բարեկարգման աշխատանքներով նախատեսված է ասֆալտապատ ճանապարհի կառուցում և տարածքի կանաչապատում։

Այս օրերին շինարարական մեկ այլ փուլում է նաև 576 աշակերտի համար նախատեսված Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ նոր 5 մասնաշենքով, որոնցից երեքը եռահարկ են, երկուսը` միահարկ, որոնցից մեկում նախատեսվում է մարզադահլիճ ու հանդիսությունների դահլիճ։ Սահմանափակ շարժողունակություն ունեցող աշակերտների համար նախատեսված են թեքուղիներ և վերելակ, ինչպես նաև հարմարեցված սանհանգույցներ։