Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
06.05.2024

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) աշխատանքային խումբը տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոց, որը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Այն նախատեսված է 1000 աշակերտի համար։ Հիմնովին կառուցված չորս մասնաշենքերն իրարից առանձնացված են հակասեյսմիկ կոնստրուկտիվ կարերով։ Տանիքում կտեղադրվի արևային կայան։ Դպրոցը կունենա երեք վերելակ, հագեցած լաբորատոր դասարաններ, ներքին ջեռուցման համակարգ։ Դպրոցի շինարարության ընթացքը գտնվում է ՀՏԶՀ ինժեներների ամենօրյա ուշադրության կենտրոնում, աշխատանքային խումբը շրջել է տարածքում ու շինարարի բարձրացրած հարցերին տեղում տրվել են լուծումներ։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը հորդորել է խիստորեն հետևել որակին և աշխատանքների ժամկետներին։ Նոր շինությունում արդեն անցկացված է օդափոխության համակարգ։ Այն հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բացի հանդիսությունների ու փակ մարզադահլիճից, դպրոցը կունենա նաև բացօթյա մարզահրապարակ, ամբողջ տարածքը կցանկապատվի, կունենա բարեկարգ կանաչապատ գոտի։