Երևան մտնող ոռոգման ջրի կորուստները հասցվել են նվազագույնի
31.10.2023

Երևան մտնող ոռոգման ջրի կորուստները հասցվել են նվազագույնի

Նոր Դալամայի և Նորքի ջրանցքների վերակառուցման արդյունքում Երևան մտնող ոռոգման ջրի կորուստները հասցվել են նվազագույնի
Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով վերակառուցել է Նորքի և Նոր Դալմա ջրանցքների վթարված ու քայքայված հատվածները։ Մասնավորապես՝ Նոր Դալմա ջրանցքում Երևան մտնող ոռոգման ջրի կորուստը հասնում էր մինչև 60 տոկոսի։ Շուրջ 206 միլիոն դրամ ներդրումով նախկին բետոնե բաց ջրանցքի փոխարեն այժմ տեղադրվել է ավելի քան 3400 գծամետր 355մմ և 280մմ տարամագծով փակ պոլիէթիլենային խողովակաշար։
Նորքի ջրանցքի մի զգալի հատված ևս գտնվում էր քայքայված ու անմխիթար վիճակում։ Ավելի քան 205 միլիոն դրամ ներդրումով տեղադրվել է 3450 գծամետր 355մմ և 315մմ տրամագծով պոլիէթիլենային և մետաղական խողովակաշար։
Այսպիսով' երկու ջրանքցքների վերակառուցված հատվածների այգեգործական տնտեսություններն ու տնամերձ հողատարածքները հիմա ոռոգվում են անկորուստ փակ համակարգով, ինչի արդյունքում ավելացել է նաև ջրապահովվածությունը։ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով կատարված աշխատանքների արդյունքում զգալի կավելանա նաև Երևանի այլ կանաչապատ տարածքների ոռոգման ջրի քանակը։