Եկամուտների ավելացում Ամասիա և Սարապատ խոշորացված համայնքներում
25.12.2023

Եկամուտների ավելացում Ամասիա և Սարապատ խոշորացված համայնքներում

Ավարտվել է Ամասիա և Սարապատ խոշորացված համայնքների ոռոգման համակարգերի հիմնանորոգումը։ Ծրագրերն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի ( World Bank Armenia )և համայնքների համաֆինանսավորմամբ։
Մասնավորապես՝ Ամասիա խոշորացված համայնքում անցկացվել է ավելի քան 7կմ ջրագիծ, որի շնորհիվ ոռոգվող 7 բնակավայրի վարելահողերը կավելանան 1600 հա-ով։ Ակնկալվում է, որ հացահատիկային մշակաբույսերից ստացվող բերքը կավելանա 29 հազար, կարտոֆիլինը՝ 35 հազար ցենտներով։ Ստացվող բերքից և խոշոր եղջերավոր անասուններից բնակիչների զուտ տարեկան եկամուտը կկազմի մոտ 661 միլիոն դրամ։
Սարապատում անցկացված մոտ 7 կմ ջրագծից կօգտվի երեք համայնք։ Ոռոգման ենթակա վարելահողերը կավելանան մոտ 299 հեկտարով։ Հացահատիկային մշակաբույսերից ստացվող բերքը կավելանա 11 հազար 580, կարտոֆիլինը՝ 3 հազար 88 ցենտներով։ Համայնքաբնակների ստացած զուտ տարեկան եկամուտը կկազմի ավելի քան 227 միլիոն դրամ։
Ընդհանուր առմամբ երկու համայնքների տասը բնակավայրերում ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրով ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացված ներդրումը Ամասիայում կազմել է մոտ 289 մլն, Սարապատում՝ ավելի քան 184 մլն դրամ։