12.05.2026
ՀՏԶՀ ճարտարագետների աշխատանքային խմբի այցը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որտեղ շինարարական ակտիվ փուլում են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ >> ծրագրում ընդգրկված երկու մարզում կառուցվող և վերանորոգվող դպրոցների շինաշխատանքները։ Շինարարական նոր չափորոշիչներով հիմնովին կառուցվող և վերանորոգվող երեսունմեկ սեյսմակայուն դպրոց կհաճախի ավելի քան 8000 աշակերտ։Դեռևս անցած տարի ՀՏԶՀ պատվիրատվությամբ մարզում ևս ինը դպրոց հանձնվել էր շահագործման։
Առաջին կանգառը Շաքի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում էր, որը կառուցվում է 200 աշակերտի և նախակրթարանի 40 սանի համար։ Այստեղ շինարարին խիստ հանձնարարականներ տրվեցին` ճիշտ պլանավորել աշխատանքը։ Պետության ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 707 միլիոն դրամ։ Այնուհետև աշխատանքային խումբը եղավ Իշխանասարի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակում։ Շինարարը խոստացել է աշխատանքներն ավարտել պայմանագրային ժամկետներում։ Դպրոցը նախատեսված է 144 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է մոտ 1 միլիարդ 314 միլիոն դրամ։
Աշխատանքային խումբն այցելել է նաև Կապանի թիվ 6 նորակառույց դպրոցի շինհրապարակ։ Դպրոցը նախատեված է 648 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է 2 միլիարդ 336 միլիոն դրամ։ Իսկ Բաբիկավան-Կավճուտ բնակավայրում կառուցվում է 144 աշակերտի և 40 սանի համար նախատեսված դպրոց։ Պետբյուջեից ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 241 միլիոն դրամ։
Այցի հերթական կանգառը Քաջարանի վերանորոգված թիվ 2 դպրոցում էր։ Այն արդեն հանձնվել է շահագործման, սակայն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը որոշ շտկումներ կատարելու վերաբերյալ շինարարին հանձնարարականներ տվեց։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 561 միլիոն դրամ։ Ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Լեհվազի դպրոցում։ Պետական ներդրումը կազմում է 144 միլիոն դրամ։ Հիմնադրամի պատվիրատվությամբ ևս մեկ նորակառույց դպրոց է կառուցվում Ագարակ բնակավայրում։ Այն նախատեսված է 864 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է 3 միլիարդ 775 միլիոն դրամ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ հորդորեց հետագայում ժամկետների խախտումներից խուսփելու նպատակով շինհրապարակներում ավելացնել աշխատողների թիվը, ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար անմիջապես տեղյակ պահել ծրագրերի պատասխանատու ճարտարագետներին։ <<Հիմնադրամ-կապալառու համակարգված աշխատանքի արդյունքում շատ հարցեր նույնիսկ տեղում են լուծում ստանում>>,- նշեց Հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ պատվիրատու կառույցը իր փորձառու ճարտարագետների թիմի խորհուրդներով ցանկացած պահի պատրաստ է աջակցել շինարարներին։