23.10.2023
Համայնքային շինաշխատանքներում պահանջված էքսկավատորները հասան Փամբակ և Նոր Հաճն համայնքներ
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միջոցով Փամբակ և Նոր Հաճն համայնքներին ևս հատկացվել են բոլորովին նոր բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ։ Հատկապես նոր խոշորացված համայնքներում կատարվող լայնածավալ շինաշխատանքների պահանջներին եղած հնամաշ տեխնիկան չէր բավարարում, ինչի հետևանքով համայնքային բարեկարգման բազմաթիվ ծրագրեր թերի էին մնում։
Դեռևս անցած ամիս Փամբակին էր հատկացվել 25 տոննա տարողությամբ ինքնաթափ, Նոր Հաճնին՝ քաղաքային բազմաֆունկցիոնալ ջրցան-աղցան նոր մեքենաներ։ Այս համայնքներում ՀՏԶՀ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ընդհանուր ներդրումն առայժմ կազմում է 146 միլիոն 390 հազար դրամ։