Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով հիմնանորոգվում է Մարտունի համայնքի <<Մանասի առու>> ջրատարը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի ուղեկցությամբ Մարտունի համայնքի <<Մանասի առու>> ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման շինաշխատանքներին տեղում ծանոթացել են նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները։ <<Մանասի առու>> ինքանհոս ոռոգման ջրատարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` <<Ոռոգման համակարգերի արդիականացում>> ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է <<Մանասի առու>> ջրանցքի գլխամասից մինչև Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի հանգույցն ընկած 7 կմ հատվածի բետոնապատում։ Ջրանցքը կառուցվել էր 1960֊ական թվականներին և երբևէ չէր հիմնանորոգվել։
Մեկ այլ ծրագրով էլ հիմնանորոգվում է Լանջաղբյուրի մոտեցնող ջրանցքը։ Այն կառուցվում է պոլիէթիլենային փակ խողովակաշարով` 2650 մ երկարությամբ։ Ծրագրերի վերջնարդյունքում ակնկալվում է ջրակորստի զգալի նվազեցում, ինչպես նաև Մարտունու և Վաղաշենի ոռոգվող տարածքների ջրապահովվածության ցուցանիշի բարձրացում։
Աշխատանքային խումբն այցելել է նաև արդեն հիմնանորոգված Կոտայքի մայր ջրատարի Արամուս գյուղով անցնող ճնշումային ջրատարների տարածք։