
Եվս մի քանի ամիս ու պատրաստ կլինի նաև Հ․Կոջոյանի անվան կրթահամալիրը
Եվս մի քանի ամիս ու ՀՀ պետբյուջեի, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրը կբացի իր դռները։ Այստեղ, պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է երեք մասնաշենք, կառուցվել է ևս մեկ նոր մասնաշենք։ Աշխատանքները գրեթե 70 տոկոսով ավարտված են։ Շինաշխատանքների ընթաքին այսօր հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ Այցի ընթացքում շինարարի հետ քննարկվել են ընթացիկ աշխատանքների տեմպերը, որոշ շինաշխատանքների հետ կապված հարցերին տեղում տրվել են լուծումներ։ Կրթահամալիրը նախատեսված է 600 աշակերտի համար, ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ։