Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակում: Սոցներդրումների հիմնադրամը 1996թ. ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:
Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև երկրի ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում հիմնադրամից ֆինանսավորված վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտություններն են` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:
Գործունեության ընթացքում հիմնադրամը.
- Մշակել է թիրախավորման գործուն մեխանիզմ, որն ապահովում է Ծրագրի օգուտների հասանելիությունը կարիքավոր համայնքներին,
- Ապահովել համայնքային ծրագրերի շինաշխատանքների պատշաճ որակ` մնալով ծախսարդյունավետ,
- Նպաստել է ՏԻՄ-երի և տեղական կազմակերպությունների կայացմանը, նրանց կարողությունների և հմտությունների բարձրացմանը, և
- Ի վերջո` Հիմնադրամի գործունեությունը միշտ համահունչ է եղել Կառավարության ծրագրերին, և ոլորտային ռազմավարական ծրագրերի իրականացման կարևորագույն գործիք հանդիսացել:
Այս ամենը որպես հիմնաքար է ծառայել հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում: ՀՀ կառավարության 2014թ․ դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն, Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:
Հայաստանում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում հիմնադրամի դերը շատ մեծ է և այդ գիտակցությամբ ու մեծ պատասխանատվությամբ տարեցտարի կյանքի են կոչվում նոր ծրագրեր՝ մարզերում ու մայրաքաղաք Երևանում:
Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.
- Ջրամբարաշինության,
- Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման,
- Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման,
- Ջրային համակարգերի արդիականացման,
- Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման,
- Խոշորացված համայնքների աջակցման ծրագրերը։