Համայնքային ջրամատակարարման հարցերն են քննարկվել ՀՏԶՀ-ում
15.10.2024

Համայնքային ջրամատակարարման հարցերն են քննարկվել ՀՏԶՀ-ում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի՝ (KFW) հայաստանյան առաքելության անդամներ բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքային և տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար Յենս Հագինին, բանկի գլխավոր ճարտարագետ Միքայել Փուհերին և Հայաստանում KFW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերականգնման վարկերի, Եվրոպական ներդրումային բանկերի, Եվրամիության աջակցությամբ ևՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը, որի ընդհանուր արժեքը կազմում է 70․44 մլն եվրո։

Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 63 համայնքի և բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ։

Իրականացվող ծրագրի նպատակն է ընդգրված բնակավայրերի 75000 շահառուին ապահովել 24-ժամյա որակյալ ջրամատակարարմամբ, նվազագույնի հասցնել հոսակորուստները, կրճատել շահագործման ծախսերը, նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վերականգնման վարկերի բանկի՝ (KFW) և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող Կապսի ջրամբարի ծրագրի ընթացքը։